Skip to Content

Ավ. Իսահակյան «Եղնիկը»

5 Դեկտեմբերի, 2023 • Սաթենիկ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1907թ.
Դսեղ

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը:

հանդ-դաշտ

վերջալույս-մայրամուտ

մակաղած-հանգստանալ

ոսկեգեղմ-ոսկե մորթի

խարտյաշ-բաց շագանակագույն

ջինջ-մաքուր

ուշագրավ-ուշադրության արժանի

լռիկ-լուռ

անդուլ-անդադար

հողմածեծ-հողմակոծ

հուժկու-ուժգին

սաստկանալ-ուժեղանալ

շառաչ-Շառաչյուն

խուժեց-ներխուժել

2. Տրված բառակապակցություններում ո՞ր բառերն են գործածված փոխաբերական իմաստով։ Ընդգծի՛ր։

Աշնանային երեկո, հեքիաթային վերջալույս, վառվռուն սարեր, ոսկեգեղմ անտառներ, վճիտ աչուկներ, խարտյաշ եղնիկ, թախծալի կարոտ, դարավոր կաղնի, զգայուն հոգի, վայրի ընկուզենի, անծայրածիր անտառ, զանգակ աղբյուրներ, քամի գիշեր։

3.  Բացատրի՛ր համեմատությունները։

Նետի պես ծլկել-արագ փախչել

լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկներ-ջինջ աչքեր

4.  Տեքստից առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող հատվածները։

Խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով։

5. Բնութագրի՛ր եղնիկին։

Եղնիկը գեղեցիկ էր, բարի, խելացի։

6.   Տեքստից առանձնացրո՛ւ աշնանային անտառի նկարագրությունը։

Ոսկեգեղմ անտառները: անծայր անտառներում…»:

7.  Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։

Երեխաները գնացին անտառ, եղնիկին գտնելու համար։ Ամբողջ անտառը ման եկան նրան, գիշերը այնտեղ քնեցին, և առավոտը տեսան մեկ էլ՝ եղնիկը նրանց բարևելուց էր լինում։ Հարցրեցին ուր են նրա մայրիկն ու հայրիկը… Եղնիկների ընտանիքով գնացին երեխաների տուն ու մայրիկը  ուրախացավ, իսկ եղնիկները հաճույքով ծանութացան նրանց հետ։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

Զանցել գործիքագոտուն